«Ես կարծում եմ, որ ինձ կվերապահվի Կուբան գրավելու պատիվը։ Դա լավ բան կլինի։ Դա մեծ պատիվ կլինի։ Ես կարող եմ ազատագրել կամ գրավել այն: Ըստ իս, կարող եմ անել դրա հետ այն, ինչ ուզում եմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։               
 

Ճամփորդություն Այվազովսկու արվեստում

Ճամփորդություն Այվազովսկու արվեստում
19.03.2026 | 11:57

Այսօր էլ այսպես՝ «Ճամփորդություն Այվազովսկու արվեստում». «Հովհաննես Այվազովսկու կտավներով» մուլտիմեդիայի հետաքրքիր և ուշագրավ ցուցադրությանը։

...Չորս տասնամյակ առաջ, երբ հանգստանում էի աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդավայրում` Թեոդոսիայում, գրեթե ամեն օր այցելում էի նրա տուն-թանգարան։ Պատկերասրահի աշխատակիցները զարմանքով էին վերաբերվում իմ ամենօրյա այցերին։

Պատասխանում էի. «Ցանկանում եմ կտավներում տեսնել ծովի ալիքների հևքն ու տարերքը, հրավառ արևածագն ու շիկակարմիր արևամուտը, ալիքների կեսօրվա մեղմ ծփանքն ու հոգի պարուրող, խաղաղեցնող անդորրը»։

Զարմանում էին. ախր ծովն այնքան մոտիկ էր, ասես ափիս մեջ լիներ, իսկ ես Այվազովսկու կտավներում էի ջրի հևքը փնտրում։

Աշխարհի տարբեր երկրներում իմ բազմաթիվ շրջագայությունների ընթացքում այցելել եմ բազում հայտնի թանգարաններ։ Իտալիայի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում, հիրավի, քարացել եմ Այվազովսկու` Հռոմի պապին նվիրած «Քաոս. Աշխարհի արարումը» կտավի առջև։ Սանկտ Պետերբուրգի Ռուսական պատկերասրահում և Մոսկվայի Տրետյակովյան հայտնի թանգարանում առաջինների թվում փնտրել եմ մեծ ծովանկարչի ոգեշունչ, մեծակտավ գործերը։

Տասնամյակներ անց 2017-ի սեպտեմբերին, հոգու թրթիռով այցելեցի Հայաստանի ազգային պատկերասրահ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցադրությանը՝ հաղորդակցվելու նրա ոգեղեն ժառանգությանն ու անանց երազին։ Այդ անգամ զգացողությունս այլ էր. չէ՞ որ 75 տարի անց իր գունագեղ ներկապնակով հայրենի տուն էր դարձել ազնվական որդին՝ վրձնի ու գույների անկրկնելի վարպետը։

Հիշում եմ՝ հիացմունքով էի շրջում սրահներով։ Չէ՞ որ այստեղ էր աստվածաշնչյան «Նոյն իջնում է Արարատից» հայտնի կտավը, այստեղ էր նաև Վենետիկից բերված «Քաոսը»։ Զգացողությունս նույնն էր, ինչ մեկ տասնամյակ առաջ Մխիթարյան միաբանություն այցելելիս։

Թեև այստեղ չէր Սանկտ Պետերբուրգում հավերժ հանգրվանած բնության տարերքը «Իններորդ ալիքը», ես էլի համակված էի նույն տաք, հոգի պարուրող զգացողությամբ։ Չգիտեմ ինձ էր թվում, թե՞ իրականում այդպես էր, սակայն ականջներումս ծովի ալիքների մեղմ ծփանքն էր ու հուժկու հևքը, ծովի շառաչն ու ահեղ ալեկոծումը, որոնք հայրենիքում կարծես ուրիշ գույն և այլ շունչ ունեին, քան հայրենիքից հեռու վայրերում՝ անգամ Թեոդոսիայում և Վենետիկում։

Տպավորված էի։ Այսօրվա պես հիշում եմ. դուրս էի գալիս պատկերասրահից և ասես ինձ հետ տանում էի 200-ամյա երկնամերձ ծովի գույներն ու բույրերը, մեծ ծովանկարչի վրձնի հավերժահմա կախարդանքը։ Սրանք հոգուս մեջ վաղուց, տասնամյակներով ամբարված հարազատ զգացողություններ են։

Այլ էր զգացողությունս այսօր «Հովհաննես Այվազովսկու կտավներով» մուլտիմեդիայի ցուցադրությանը։ Երբեմնի բոլոր հույզերս ասես ամբողջացել, շունչ ու թև էին առել ցուցասրահում մեծ ծովանկարչի այնքա՜ն հարազատ ներկապնակի բոլոր գույներով, երկնքին ձուլված ալիքների հուժկու շառաչով...

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ